Արտակարգ պատահար Մեղրի-Ագարակ ճանապարհին. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը

03:05 • 20.05.17

Մայիսի 19-ին, ժամը 22:38-ին ահազանգ է ստացվել որ Մեղրի-Ագարակ Մ-2 ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Mersedes C180» մակնիշի 35 CP 166 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1996 թ. ծնված Հ. Խ. և 1995 թ. ծնված Յ. Դ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը Յ. Դ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրիի ԲԿ:

Փրկարարները Հ. Խ.-ին դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, ում տեղափոխել են Մեղրիի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: