Դմիտրի Շեպելևը մտադիր է բողոքարկել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարի անհետացման մասին գործով վճիռը

11:58 • 20.05.17

Ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը մտադիր է բողոքարկել մոսկովյան դատարանի վճիռը, որը երեկ վճռել էր, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները պետք է «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությանը վերադարձնեն 21.6 մլն ռուբլի, հայտնում է lenta.ru-ն։


Հիշեցնենք, որ երեկ մոսկովյան դատարանը բավարարել է «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության հայցը, որն էլ գումար էր հավաքել քաղցկեղով հիվանդ երգչուհու բուժման համար: Դատարանը որպես պատասխանող կողմ գործին ներգրավել է Ֆրիսկեի ծնողներին և անչափահաս որդուն` Պլատոնին, որի պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է վերջինիս հայրը` Դմիտրի Շեպելևը:


Հայցը դատարան ներկայացվել էր 2017-ի հունվարին` պահանջելով հաշվետություն ներկայացնել ավելի քան 25 մլն ռուբլու ծախսման վերաբերյալ, որը հավաքվել էր Ֆրիսկեի բուժման համար:


«Ես ուրախ եմ, որ «Ռուսֆոնդի» գործում վերջակետ դրվեց, և այլևս ոչ ոքի մոտ կասկած չկա, թե ով է հանել գումարները հաշվից։ Ոչ ես, ոչ իմ որդին այդ փողերին չենք դիպել, որովհետև չենք ունեցել այդ հաշիվներին հասանելիություն»,- ասել է հաղորդավարը։


Նա համաձայն չէ նրա հետ, որ գումարի վերադարձը դրված է ոչ միայն Ֆրիսկեի ծնողների, այլև նրա որդու վրա։ «Որպես հայր՝ ես վրդովված եմ, որ այս սարսափելի պատմության մեջ ներքաշված է նաև իմ միակ որդին, որը մոր մահից հետո պարտքեր և դատեր է ժառանգել»,- ասել է նա։


Բարեգործական կազմակերպության համաձայն՝ հավաքված 25 մլն ռուբլուց երգչուհու բուժման համար ծախսվել է գումարի մի մասը միայն, Շեպելևի փաստաբանները հաստատում են, որ միջոցները կանխիկացրել է ֆրիսկեի մայրը։


Երգչուհին մահացել է 2015 թվականի հունիսին, գլխուղեղի քաղցկեղից։

Դմիտրի Շեպելևը մտադիր է բողոքարկել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարի անհետացման մասին գործով վճիռը