ՌԴ-ն ԵԱՏՄ մեր անդամակցությունից հետո ավելի մեծ քանակի կործանարար  զենք է վաճառել Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

16:22 • 20.05.17

ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն Ազգային Ժողովում ելույթների ժամին, մինչ հանձնաժողովների նախագահների թեկնածուների մասին խոսելն,    անդրադարձավ իրենից առաջ ելույթ ունեցող ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթին: «Հատկանշական է, որ Էդուարդ Շարմազանովի ժամանակն ավարտվեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը ներկայացնելու պահին, բայց այդքանը, դա հումոր էր»,--ասաց նա:

 

Էդմոն Մարուքյանը խոսեց, մասնավորապես, Խոսրով Հարությունյանի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամագրվելիս այլընտրանք չի ունեցել: «Այն պահին, երբ մենք հրաժարվեցինք ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, դրանով հրաժարվեցինք ինտեգրվելուց Եվրոպական տնտեսական գոտուն»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, թե անվտանգությունից ելնելով ենք անդամագրվել ԵԱՏՄ–ը, ապա պատգամավորն ասաց, որ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ անվտանգության առումով ոչինչ չստացանք: «Ավելին, Ռուսաստանը ԵԱՏՄ մեր անդամակցությունից հետո ավելի մեծ քանակի կործանարար զենք է վաճառել Ադրբեջանին, քան մինչ այդ: Երևի, դա էլ այդ միության փաթեթի մեջ է մտնում»,-ասաց նա և արձանագրեց, որ Հայաստանն ունեցել է այլընտրանք և հրաժարվել է դրանից:

 

«Այսինքն` անվտանգության համար մտել ենք, չունենք անվտանգություն, տնտեսությունը զարգանալու համար մտել ենք, տնտեսությունը չի զարգացել»,-ասաց նա և նշեց, որ ասոցացման համաձայնագիրը դարակում դրված է, որովհետև անհամատեղելի է ԵԱՏՄ անդամ լինելը խորը համապարփակ համաձայնագիրը ստորագրելու հետ: