Պռոշյանում կինը հայտնաբերել է ամուսնու դին՝ ձախ ձեռքի երակները կտրած վիճակում

15:24 • 20.05.17

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում դի է հայտնաբերվել:  Ոստիկանության լրատվական բաժնի ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Պռոշյան գյուղում դիի առկայությունը, ասելով, որ մայիսի 19-ին՝ ժամը 15:20-ին, նման ահազանգ ստացվել է:

«Պռոշյան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 1964 թվականին ծնված Վ. Ե. դին՝ ձախ նախաբազկի շրջանում կտրած վերք ախտորոշմամբ»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Tert.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանն ասաց, որ ամուսնու դին հայտնաբերել է կինը:

«Վ.Ե.-ն հիմնականում միայնակ էր ապրում: Երբեմն կինն էր այցելում, երեկ էլ այցելել է ամուսնուն և գտել նրա դին: Մի փոքր խնդիրներ ուներ, սակայն թե ինչ, մանրամասների չեմ տիրապետում: Ասում են՝ ինքնասպանություն է, դիակը եղել է արյան մեջ թաթախված, երակները կտրած են եղել»,-ասաց Մուրադյանը: