ԱՄՆ-ն «ամենաբարձր մակարդակներում» բարձրացրել է Էրդողանի թիկնազորի սադրած անկարգությունների հարցը. Պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնել թուրքական կողմին՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունների հետ, որոնք Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հանգեցրել էին բախումների:
«Թուրքական անվտանգության ուժերի պահվածքն ավելի վաղ այս շաբաթ առաջացրել է խորը մտահոգություն: Պետդեպարտամենտն իր անհանգստությունն է հայտնել այդ իրադարձությունների շուրջ ամենավերին մակարդակներում: Մանրակրկիտ հետաքննությունը, որը թույլ կտա մեզ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մեզ համար առավել քան կարևոր է», - ասել է դիվանագետը ՏԱՍՍ գործակալության հետ ունեցած զրույցում: Նա նշել է, որ ԱՄՆ ԱԳՆ-ն սերտորեն համագործակցում է մայրաքաղաքի իշխանությունների հետ:
Բացի այդ, Պետդեպարտամենտը հաստատել է, որ չորեքշաբթի օրը Թուրքիայի դեսպանն ԱՄՆ-ում՝ Սերդար Կիլիչը հրավիրվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի մոտ:
Նշվում է նաև, որ թուրքական անվտանգության ուժերի երկու աշխատակիցներ բերման էին ենթարկվել հենց բախումների ընթացքում, ապա ազատ էին արձակվել:
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցան կարճ, բայց բռնի բախումներ Անկարայի ներկայիս իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև:
Այդ պայքարը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը դեսպանատանն էր գտնվում: Բախումների հետևանքով տուժել էր ինը մարդ, երկուսը լրջորեն վիրավորվել էին:










