Եթե քաղաքական սերնդափոխություն ասելով՝ նկատի ունեն հայրերից որդիներին, ապա վերջիններս քաղաքականապես ավելի թերի են զարգացած. Հովհաննես Իգիթյան
ՀՀՇ վարչության անդամ, 1-ին և 2-րդ գումարման խորհրդարաններում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ միտքն ու փորձը ներկայացված չեն այս խորհրդարանում:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այս ընտրություններից առաջ շատ էր խոսվում նոր քաղաքական թարմ դեմքերի, քաղաքական սերնդափոխության մասին, ասաց. «Եթե հասկանանք որդիներ և հայրեր ուղղակի ձևով՝ գենետիկ, ապա առանց վիրավորելու որևէ մեկին, ես կարող եմ ասել, որ վերջիններս քաղաքականապես շատ ավելի թերի զարգացած են, քան իրենց հայրերը: Եթե ընդհանուր, ավելի վերացական խոսենք, որ երիտասարդ քաղաքական գործիչները գան փոխարինող, ապա նախ՝ ես այստեղ շատ ավելի երիտասարդ գործիչներ, դեմքեր, հատկապես՝ Հանրապետական կուսակցությունում չտեսա՝ նախորդի համեմատ տարիքային իմաստով: Իսկ եթե նկատի ունենք այն ձևը, որով ընտրվել են ինչպես ռեյտինգային, այնպես էլ ռեյտինգայինի միջոցով ԱԺ բերված պատգամավորները, ապա այդ ձևը (ընտրական օրենսդրությունը թույլ չէր տալիս, որ այստեղ նորմալ քաղաքական գործիչ մտնի):
Վերլուծելով այս 2 օրերին ԱԺ դահլիճից նորընտիր պատգամավորների ելույթները, Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Տրամաբանական խոսք ընդհանրապես չի հնչում: Եթե նախորդ պառլամենտում կային հանրապետականներ, որոնք հասկանում էին՝ ինչի մասին է խոսքը, բայց քվեարկում էին, այնպես, ինչպես ասել է կուսակցությունը, այսօր այս հասկացողերի թիվը հանրապետականների շրջանում կտրուկ նվազել է»:
Հովհաննես Իգիթյանը, հիշեցնելով, որ նախորդ ԱԺ-ն ուներ 131 պատգամավոր, այս մեկը՝ 105, նկատեց, որ սա այն դեպքն է, երբ քանակը ապահովում էր որակ:
«Սովորաբար, երբ 20-25 խոսող, հասկացող քաղաքական գործիչ լինում է այս ընդհանուր մասսայում, նրանք կարող են ստեղծել մթնոլորտ, այսօր 105 են, և իմ կարծիքով՝ հենց այդ 20-25 –ը, որոնք պետք է լինեին այնտեղ, հենց նման մարդկանցով է պակասել»,-ասաց նախկին խորհրդարանականը:
Ինչ վերաբերում է այս խորհրդարանի ընդդիմությանը՝ «Ելք»-ին, ապա հարցին, թե նա ավելի պատրաստվա՞ծ է, քան նախորդները, ԱԺ «հնաբնակ» նախկին պատգամավորը նկատեց, որ «Ելք»-ին համարում է լավ պատրաստված ու լավ ճանապարհ անցած ընդդիմություն:
Եվ ամենակարևորը, որ այդ դաշինքում չկա ավտորիտարիզմ: Այսինքն՝ մեկը, որ թելադրում է իր խոսքը կամ որոշումը մյուս անդամներին:
«Եվ արդեն պարզ երևում է, որ այնտեղ կան խոսող մարդիկ, իրենց խոսքը միտքն ու ծրագիրը առաջ տանող մարդիկ՝ առանց նայելու, թե լիդերները ինչ են խոսում: Կամ, առհասարակ, լիդերներ, որպես այդպիսին, չկան այնտեղ»,- հավելեց Հովհաննես Իգիթյանը:
Որպես երկրորդ հանգամանք՝ նա առանձնացրեց, իր ձևակերպմամբ, «լրիվ բնական ու տրամաբանական խոսք»:










