Ամերիկացի զինվորականները 350 «կամիկաձե-անօդաչու» են ստացել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ կիրառելու համար

19:55 • 21.05.17

ԱՄՆ Զինուժը համալրվել է թանկարժեք «կամիկաձե-անօդաչուներով», որոնք ամերիկացի հատուկջոկատայինները մտադիր են գործածել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում:

Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության ոլորտի աղբյուրը, ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարությունը 325 հատուկ փոքրածավալ հրթիռային համակարգեր է պահանջել ամռանն անցկացվելիք արշավի համար, որոնց մատակարարումն արդեն իրականացվել է:

Հրամանատարության հաղորդման համաձայն` իրենք 350 անօդաչու թռչող սարք են ստացել, որոնք համալրված են տեսախցիկներով և նշանառության GPS նավիգացիոն համակարգով:

Նշվում է, որ անօդաչուն կարող է թռչել 15 րոպե` անցնելով մինչև 160 կմ տարածություն: