Մեքսիկացիները պահանջում են արտաքսել ծեծի ենթարկված Ռուսաստանի քաղաքացուն

17:23 • 21.05.17

Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Մակեևը, որին մեքսիկական Կանկուն քաղաքում ամբոխը քիչ էր մնում դատաստանի ենթարկեր, կոմայի մեջ է: Մեքսիկական իշխանությունները նրան կասկածում են սպանության մեջ, իսկ տեղի բնակիչները պահանջում են նրան արտաքսել երկրից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նշվում է, որ Մակեևը պարբերաբար վիրավորում էր տեղի բնակիչներին, հարձակվում կանանց և երեխաների վրա, բացի այդ՝ ձայնագրում այդ ամենը և տեսանյութերը տեղադրում համացանցում: Իր վիրավորական տեսանյութերը նա ուղեկցում էր նացիստական սիմվոլիկայով: Սոցցանցերի մեքսիկացի օգտատերերը բազմիցս վրդովված կերպով արձագանքել են այդ տեսանյութերին և անգամ նրան հաշվեհարդարով սպառնացել: Նախօրեին՝ Մակեևի տան առաջ հավաքվել է տեղի բնակիչների խումբ: Մեքսիկական ԶԼՄ-ների տվյալներով՝ հավաքվել է մի քանի հարյուր մարդ, ովքեր պահանջել են, որ Մակեևը դուրս գա փողոց:


Երբ հայտնի է դարձել, որ մեքսիկացիներից մեկը վիրավորվել է, մարդիկ ներխուժել են տուն, և Մակեևը ստիպված է եղել փախչել տանիքով: Նրան ուժեղ ծեծի են ենթարկել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ գանգուղեղային վնասվածքով:


Նշվում է, որ ծեծկռտուքի ընթացքում Մակեևը վնասվածք է հասցրել հարձակվողներից մեկին, ով, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, մահացել է ստացած վնասվածքների հետևանքով: