Կայացավ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված համերգ-ներկայացումը (տեսանյութ)
Մայիսի 20-ին ժամը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Առաջին Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը` նվիրված ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին:
Միջոցառումը իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տաթևիկ Սազանդարյանին նվիրված համերգ-ներկայացմանը հաղորդավարի խոսք ընդհանրապես չկար՝ երաժիշտների կատարումներն ուղեկցվում էին հոլովակներով: Ըստ կազմակերպիչների՝ այսկերպ փորձ էր արվել ստանալ այն մթնոլորտը, կարծես թե, Տաթևիկ Սազանդարյանը հենց ինքն է վարում իր երեկոն:
«Ինչու համերգ ներկայացում, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն իլյուստրացվել է մեծ էկրանի վրա համաձայն օպերաների լիբրետոների: Մենք շատ երկար խոսում էինք և փորձում էինք գտնել այնպիսի մի ֆորմատ, որը տարբերվող կլիներ և իրապես հետաքրքիր, և կփորձեր այդ ֆորմատի միջոցով ներկայացնել Տաթևիկ Սազանդարյանի վառ և անկրկնելի կերպարը»,- նշեց համերգ-ներկայացման կազմակերպիչ Տաթևիկ Հարությունյանը:
Համերգ-ներկայացումից առաջ ներկայացված էր Տաթևիկ Սազանդարյանի անձնական լուսանկարների ցուցադրություն, որը յուրօրինակ տեսք էր հաղորդել օպերայի ճեմասրահին:
«Նկարները բացառիկ են, որովհետև որևիցե մի տեղ մեծամասնությամբ նկարներ կան, որոնք ընդհանրապես ներկայացված չեն եղել: Եվ այսօր հանդիսատեսը կարող է տեսնել սյուների վրա Տաթևիկ Սազանդարյանի տարբեր օպերաներից ամենավառ կերպարները, և, իհարկե, անձնական արխիվից, ընտանիքի և այլ լուսանկարներ»,- ասաց Հարությունյանը:
Համերգ-ներկայացման ծրագրում մեծամասամբ ընդգրկված էին այն օպերաների արիաները, որոնք կատարել է Տաթևիկ Սազանդարյանը, ինչպես նաև երգեր, որոնք գրվել են հենց նրա համար:
«Փայլուն, փառահեղ մարդու մասին ենք մենք հիմա հիշում խոսում և հիշատակում նրա փառահեղ անցած ուղին: Համերգի կազմակերպչական աշխատանքները քննարկելու ժամանակ արդեն տեսանելի էր, որ մենք գործ ունենք բարձրարժեք համերգային ծրագրի հետ: Այնպիսի համերգային ծրագրի, որն իր մակարդակով արժանի է Տաթևիկ Սազանդարյանի բարձր անվանը»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակի միջոցառմանը բեմում էին օպերային թատրոնի լավագույն մեներգիչները: Կատարողների շարքում էին Տաթևիկ Սազանդարյանի ուսանողներ Հասմիկ Հացագործյանը, Նունե Բադալյանը, նրա վերջին ուսանող Պերճ Քարազյանը և շատ ու շատ այլ հետաքրքիր երգիչներ: Իսկ համերգ-ներկայացման դիրիժորը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն էր:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս համերգին, քանի որ նա իմ ամենասիրելի ուսուցչուհին էր: Ես իրեն միշտ հիշում եմ, նա ինձ համար միշտ կենդանի է: Տաթևիկ Սազանդարյանը մի յուրահատուկ առաքինի կին էր, մեծ մտավորական, հումորով և շատ ուժեղ: Միշտ շատ հպարտ և կյանքով լի գալիս էր դասի և տալիս էր մեզ այն ամենը, ինչն իրենից հասնում էր: Ես անձամբ այդ տարիներին ագահի պես քաղում էի վոկալ գաղտնիքները, ինչը որ նա ասում էր: Այսօր ես երգչուհի եմ և երգում եմ մեր օպերային թատրոնում իմ ուսուցչուհու՝ Տաթևիկ Սազանդարյանի շնորհիվ»,- նշեց օպերային թատրոնի մեներգչուհի Տաթևիկ Սազանդարյանի ուսանողուհի Նունե Բադալյանը:
«Կարծես՝ ես իմ կատարմամբ իմ նվիրումն եմ անում մեր մեծն երգչի հիշատակին: Ուսանողության տարիներին իմ մեջ պահպանել եմ այն ջերմությունը, հոգատարությունը, որ ինքը փորձում էր յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերել»,- հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանը:
Իր գործունեության երկար տարիների ընթացքում Տաթևիկ Սազանդարյանի մեծապես նպաստել է ազգային օպերային և կատարողական արվեստի զարգացմանը: Նրա ավանդն այդ գործում անուրանալի է, որն ապացուցվում է հանդիսատեսի չդադարող ծափերով:










