Առաջիկա մեկ տարում սպասվում են զարգացումներ, որոնք քաղաքական ակտիվություն են բերելու. Պետրոս Մակեյան (տեսանյութ)
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գտնում է, որ Հայաստանում հասարակության 99 տոկոսը վերածվել է ընդդիմության, իսկ քաղաքական ընդդիմությունը դեֆորմացվել, ձևախեղվել, այլասերվել է: «Դա հիմնականում իրականացվել է վարչախմբի կողմից և դա արվել է, որ հեշտ վերահսկեն և ուղղորդեն հանրությանը: Դրան ականատես եղանք ապրիլի երկուսին, երբ վարչախումբը սեփական ժողովրդին վերածեց 10 հազար դրամի ապրանքի և ուղղորդեց տեղամասեր: Ժողովուրդն էլ չտեսնելով ընդդիմադիր ուժային կենտրոն գնաց այդ ուղղությամբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պետրոս Մակեյանը նկատեց, որ յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո Հայաստանում քաղաքական ակտիվ զանգվածը հեռացել է: «Ես չեմ մտածում, որ հինգը տարի այսպես խաղաղ գնալու է, բացի այն, որ մենք ունենք «Սասնա ծռեր»-ի ապստամբության նախադեպը»,-ասաց նա և նշեց, որ թեև իրենք կոչ էին անում ընդդիմությանը համախմբվել, սակայն դա չհաջողվեց:
«Խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը, կարծեք, անուղղակի մտել էին գործարքի մեջ վարչախմբի հետ և ամեն մեկը սպասում էր, որ կստանա խորհրդարան անցնելու նախատեսված շեմը: Սակայն երբ չհաղթահարեցին դա, շոկի մեջ ընկան, իսկ հասարակությունը եթե այլընտրանք տեսներ, կքվեարկեր և չէր մտնի 10 հազար դրամի գործարքի մեջ: Վարչախմբին ժամանակավորապես հաջողվեց և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը Ազգային ժողովում ձևավորվել»,-ասաց նա:
Ըստ քաղաքական գործիչի` գործընթացը պետք է իրենց ձեռքը վերցնեն մտավորականները, այն հայ մարդիկ, քաղաքական դեմքերը, որոնք ունեն ողնաշար և գործարքի մեջ մտած չեն:
Ամեն դեպքում, Պետրոս Մակեյանն ասաց, որ առաջիկա մեկ տարում սպասվում են զարգացումներ, որոնք բերելու են քաղաքական ակտիվության: «Դրանցից առաջինն Արցախի հարցի լուծումն է, և վարչախմբին պարտադրվում է հողեր հանձնել չգիտեմ ինչի դիմաց: Այդ դեպքում, հնարավոր է, հասարակության ակտիվացում : Երկրորդը՝ ներիշխանական, ներկլանային պրոցես է գնում, պայքարը, կարծես, սրվում է և այս երկու գործընթացները հնարավոր է ունենան զարգացում»,-ասաց նա:
Պետրոս Մակեյանը չբացառեց, որ կրկնվի 98 թվական սցենարը: «Այսինքն՝ ներկլանային պայքարը բերի իշխանափոխության, բայց հնարավոր է ներկլանային թևերից մեկը փորձի հասարակությանը բերել փողոց: «Այսօր Հայաստանում ամենանպաշտպանը օլիգարխներն են նաև, օլիգարխներին դարձրել են ստրուկ, վերահսկողության տակ են առել: Եթե իմ նախանշած պրոցեսները տեղի ունենան, ունևորները առաջինը դուրս կգան փողոց»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա նա ասաց, որ ցավում է, որ այն չդարձավ այլընտրանք, քանի որ Նիկոլ Փաշինյանին տեսնում էին որպես այն թարմ ուժը, որն իր առանցքի շուրջ կարող էր համախմբել ընդդիմությանը: «Բայց նրանք սահմանափակ դաշինքով գնացին, որը նախապես էլ ասել էի, որ շեմը հաղթահրարելու դաշինք է: Բայց ես հույս ունեմ, որ «Ելք» դաշինքը կհասկանա, թե երկիրը ուր է գնում, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո չհասկանալը նշանակում է իրենք իրենց անձնական խնդիրներն են լուծում»,-հավելեց նա և չբացառեց համագործակցությունը «Ելք»-ի հետ:










