71-ամյա Շերի կրակոտ ելույթը Billboard Music Awards 2017-ի բեմում (լուսանկարներ, տեսանյութ)
Մայիսի 21-ին Լաս Վեգասում կայացել է հանրահայտ Billboard ամսագրի ամենամյա Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են երաժշտական ամենատարբեր ուղղությունները ներկայացնող արտիստներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման ամենահիշարժան պահերից է եղել 71-ամյա երգչուհի Շերի՝ Շերիլին Սարգսյանի կրակոտ ելույթը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ տարեց, սակայն երբեք չծերացող գերաստղը բեմում է հայտնվել մարմինը գրեթե ամբողջությամբ ցուցադրող թափանցիկ հանդերձներով, կեղծամով ու անընդհատ ակտիվ պարել է:
Նշվում է, որ Շերը զգեստափոխվել է 2 անգամ՝ կրելով երիտասարդ տարիների իր ամենահայտնի բեմական կոստյումներից 2-ը:
Տպավորիչ ելույթից հետո բեմ է բարձրացել երգչուհի Գվեն Սթեֆանին ու Շերին Icon Award հատուկ մրցանակ շնորհել:
«Շնորհակալ եմ ճակատագրիս բազմաթիվ տաղանդավոր մարդկանց հետ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար: Բայց ամենից շատ շնորհակալ եմ մորս, քանի որ նա ինձ ասաց, որ թեև ես չեմ լինելու ամենախելացին, ամենագեղեցիկը, ամենատաղանդավորը, բայց լինելու եմ առանձնահատուկ»,-նշել է Շերը:




















