Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով կասկածյալը հրաժարվել է նաև երկրորդ հանրային պաշտպանից

11:59 • 22.05.17

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ հայտնի չեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի սպանության կասկածանքով կալանավորված Արման Ջանջուղազյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

«Նշանակված դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքները դեռ պարզ չեն: Այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,-ասաց պաշտպանը:

Հարությունյանը հայտնեց, որ ինչպես նախկինում ասվել է, իր պաշտպանը հոգեկան խնդիրներ ունի, իսկ կալանավորումից հետո գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում:

Պաշտպանը հաստատեց նաև այն լուրը, որ Արման Ջանջուղազյանը հրաժարվել է հանրային պաշտպան Սյուզան Խչեյանի պաշտպանությունից. «Դա Արման Ջանջուղազյանի իրավունքն է»:

Նշենք, որ Գուրգեն Հարությունյանն Արման Ջանջուղազյանի երրորդ պաշտպանն է: Նախկինում նրա շահերը պաշտպանել է նաև փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի էր հայտնաբերվել: Որոշ ժամանակ անց սպանության կասկածանքով բերման էր ենթարկվել 20-ամյա Արման Ջանջուղազյանը, ով այնուհետև կալանավորվել է: Փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: