Ընդդիմությունը պիտի կարողանա պարզել՝ Երևանի բյուջեն ինչպես է ծախսվում. Գագիկ Բաղդասարյան (տեսանյութ)

21:03 • 22.05.17

Ըստ էության տեղի է ունեցել ոչ թե Երևանի ավագանու ընտրություն, այլ ընդամենը ավագանու ընդդիմափոխություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Երևանի  գործող ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ  համամասնությունը բաշխվեց այնպես, ինչպես վաղօրոք գծված էր, երեք ուժեր պետք է անցնեին, որոնք էլ անցան:

«Ըստ էության Հանրապետական կուսակցությունը որքան ձայներ ստացել էլ էր նախորդ ընտրություններում, համարյա այդքան ձայն էլ վաստակեց հիմա, չնայած դժվար է վաստակել  ասելը: Համաշխարհային պրակտիկայում ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները բացառություն են. հայաստանցու, երևանցու կենսակերպը տարիներ շարունակ  վատթարանում է, արտագաղթը ահագնանում է, սոցիալական խնդիրներն ավելանում են ծնելիությունը վատանում է և անընդհատ մի կախարդական փայտիկի շնորհիվ քաղաքացիները գնում են և 70 տոկոսով  ընտրում են իշխանություններին, այդ ինչպե՞ս»,-շեշտեց նա:

Ըստ Գագիկ Բաղդասարյանի՝ քաղաքային իշխանությունները բնակչների շահի համար չեն աշխատել, չեն աշխատելու:

«Ստացվում է այնպես, որ այն մարդիկ ովքեր կոչված են գալ և ծառայել Երևանցու շահից ելնելով, որպեսզի Երևանը դառանա ավելի հարմարավետ , մենք տեսնում ենք, որ այդ ծառաները  ծառայում են ոչ թե ժողովրդին այլ իրենց սեփական գրպանին, նրանց ունեցվածքը օր օրի կրկնապատկվում է, տեսնում ենք ինչ մեքենա են վարում, որտեղ են ապրում, որտեղ են հանգստանում և տեսնում ենք շարքային երևանցու վիճակը, մի կտոր  հաց վաստակելու խնդիրը օրեցօր դժվարանում է»,- ընդգծեց նա:

Գագիկ Բաղդասարյանը շեշտեց, որ Երևանի  ավագանու ընդդիմադիր անդամները  առաջին հերթին պետք է Երևանի  արդյունավետ կառավարման, բյուջեի վերահսկողության ուղղությամբ աշխատեն՝ այն, ինչ չորս տարի չհաջողեց նաև «Բարև Երևանին»:

«Չորս տարի շարունակ մենք անընդհատ փորձեցինք հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է ճանապարհաշինությունը իրականացվում, ինչ տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի հիման վրա, բայց, ցավոք սրտի, չկարողացանք հասնել նրան, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունները,ստորաբաժանումները իրականում ներկայացնեին այն փաստաթղթերի փաթեթը, որով իրականացվում  են այդ աշխատանքները։ Եթե ընդդիմադիրները կարողանան իրականացնել իրենց մանդատով տրված լիազորությունը և վերահսկեն, թե որտեղ է մոտ 200 մլն դոլար տարեկան բյուջեն, լավ կլինի»,- շեշտեց նա:


Անդրադառնալով  Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ եթե Զարուհի Փոստանջյանն ավագանու մասին իր տեսակետը  փոխած լինի շատ լավ կլինի, գուցե ժամանակի ընթացքում արժեվորի ավագանու աշխատանքը:

«Երբ որ փորձում էինք  աշխատել կարողանայինք խնդիրներ լուծել, որոշակի առումով բարձրաձայնել, ես նաև «Ժառանգության» մեջ էի տեսնում այն խնդիրը, այն չհասկացվածությունը. վարչության կազմում ասում  էին՝ «դե լավ, ինչով եք զբաղվում»։ Ես  շատ ուրախ կլինեմ, որ գիտակցելով այս ամբողջ  խնդիրների փաթեթը՝ տիկին Փոստանջյանը կարողանա իր թիմով իրականացնել այն մանդատի լիազորությունները, ինչը որ տվել է Երևանցին բյուջեի ծախսի, Երևանի կառավարման վերահսկողությունն իրականացնելու մասով , այն ժամանակ այդ պրոցեսին խոչընդոտումն էին, և ոչ միայն Զարուհի Փոստանջյանը»,-ընդգծեց նա:


Մանրամասները՝տեսանյութում: