Հարավային Կորեայի նոր նախագահի վարկանիշը գերազանցել է 80 տոկոսը
Մայիսի 10-ին պաշտոնի անցած Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը 81,6 տոկոս ցուցանիշ է գրանցել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Realmeter ընկերությունը հանրային կարծիքի ուսումնասիրման հարցում է անցկացրել, և համաձայն ստացված տվյալների՝ 10,1 տոկոսը նոր նախագահին դեմ է արտահայտվել, իսկ 8,3 տոկոսը դժվարացել է պատասխան տալ: Ընդ որում՝ ընտրություններին լիբերալ «Դեմոկրատական կուսակցության» ներկայացուցչի օգտին իր ձայնն է տվել ընտրողների 41,1 տոկոսը (13,4 միլիոն), նա մոտ երկու անգամ առաջ է անցել իր մրցակիցներից:
Նախորդ նախագահը՝ Պակ Կըն Հեն, հեռացվել էր պաշտոնից և ավելի ուշ ձերբակալվել կոռուպցիային ներգրավվածության և իշխանությունը չարաշահելու մեղադրանքներով: 2013 թվականին երդմնակալությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում նա կարողացել էր գրավել համերկրացիների 54,8 տոկոսի վստահությունը:










