Մեր օրերում կարելի է վստահել միայն Ռուսաստանին և Չինաստանին. Ֆիլիպինների նախագահ
Երկուշաբթի երեկոյան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կժամանի Մոսկվա: Ռուսաստան այցին ընդառաջ նա ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչու է վստահում Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությանը, ինչպես նաև ինչ ռուսական զենք կցանկանար ստանալ իր երկիրը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե իրավիճակն աշխարհում, այդ թվում ԻՊ-ին վերաբերող հարցում վատթարանա, ես ոչ թե ստիպված կլինեմ, այլ բաց կլինեմ պաշտպանական դաշինքների առաջ: Իսկ այժմ կարելի է միայն վստահել Ռուսաստանի և Չինաստանի խոսքերին: Ամերիկան երեսպաշտ է: Այնտեղ ձախ ձեռքը չգիտի՝ աջն ինչ է անում, այնպես որ միշտ կլինեն խնդիրներ, չհասկացվածություն, և եթե ոչ ատելություն, ապա միմյանց նկատմամբ հակակրանք»,- ասել է նա:
Ֆիլիպինների նախագահը հավելել է, որ հույս ունի համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր երկրին զենքի մատակարարումների անհրաժեշտության հարցում:
«Ես կարծում եմ, որ պետք է համոզեմ նախագահ Պուտինին, որ Ռուսաստանը մեզ զենք մատակարարի: Խոսքը մեծ քանակությամբ զենքի մասին չէ: Խոսքը, մասնավորապես, ճշգրիտ ցամաքային հրթիռների մասին է»,- հայտարարել է Ֆիլիպինների նախագահը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Նա բացատրել է նաև, թե ինչու է այդ հարցում դիմել հենց Մոսկվային: «Կարծում եմ՝ դուք ունեք ավելի կատարյալ ճշգրիտ համակարգեր: Եվ քանի որ Ռուսաստանն այդ հարցում ավելի լավ է, քան ամերիկացիները, ես որոշել եմ դիմել Ռուսաստանին: Բայց ռուսները ոչ միայն ավելի լավ են այդ հարցում, այլև ավելի առատաձեռն են և պատրաստ են օգնել»,- ասել է Դուտերտեն:










