ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն` ուղղաթիռներ և զրահատեխնիկա կմատակարարի
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել, այդ թվում՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա: Այդ մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումները` վերոնշյալ պայմանագրերի համաձայն (Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրերը): Խոսքը նախևառաջ ավիացիոն տեխնիկայի մասին է, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը:
Բացի այդ, ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովի խոսքով, ՀԱՊԿ-ը կարող է առաջիկա տարիներին իրականացնել իր արագ արձագանքման ուժերին զենքի անվճար մատակարարման ծրագիր:
«Ծրագիրը, որը նախատեսում է, թե ինչ տեսակի ռազմական տեխնիկա և արտադրանք և ինչ ժամկետներում պետք է մատակարարվի կոնկրետ պետությանը, պատրաստվել է և գրեթե համակարգվել բոլոր պետությունների հետ, և սպասվում էր, որ այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թվականներին: Այնուամենայնիվ, այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսին են ճգնաժամը, պատժամիջոցները և այլ խնդիրներ, մենք որոշեցինք կանգնեցնել այս ծրագրի իրականացումը, բայց միայն անվերադարձ մատակարարումների հարցում»,- ասել է Սեմերիկովը լրագրողներին՝ հավելելով, որ ծրագրի իրագործման ամբողջական վերականգնումը հնարավոր է 2018-2019 թվականներին:
Սեմերիկովը հավելել է, որ այդ ծրագրի իրագործման ֆինանսական բեռի մեծ մասը ստանձնելու է Ռուսաստանը:










