Կուրսանտի սպանության գործով առանցքային վկան գրություն է ուղարկել դատարան, որ մեկնում է արտագնա աշխատանքի

16:25 • 22.05.17

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առանցքային վկա Սամվել Սերոբյանի հարցաքննությունն անհրաժեշտություն է կողմերի համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուրսանտի սպանության գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը:

«Սամվել Սերոբյանն առանցքային վկաներից է եղել, նախաքննության ընթացքում բազմաթիվ հակասություններով ցուցմունքներ է տվել, իսկ մենք նրան բազմաթիվ հարցեր ունենք: Պատահական չէ, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ այսպես ասած՝ վատացավ, իր հարցաքննությունը հետաձգվեց, և հետագայում այդպես էլ դատական նիստերին չներկայացվեց: Հիմա էլ զորացրվեց ու դիմում ենք ստանում, որ ինքը մեկնել է կամ ուզում է մեկնել արտագնա աշխատանքի»,-ասաց Նադիրյանը:

Հարցին, թե եթե այնուամենայնիվ արդեն մեկնած լինի արտագնա աշխատանքի, իրավական ի՞նչ քայլերի միջոցով է հնարավոր նրան հարցաքննել, Արմեն Նադիրյանն ասաց, որ իրավական առումով այլ երկրներում գտնվող անձանց հարցաքննելու կամ դատարան հրավիրելու հնարավորություն կա, սակայն դա պայմանավորված է նրանով, թե որ երկիր է մեկնել վկան:

Պաշտպանի խոսքով՝ նախ պետք է հաշվի առնել, թե որ երկրում է գտնվում անձը և այդ երկրի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր ունի՞, թե՞ չէ, ինչից հետո նոր կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

«Ես չեմ պատկերացնում գործի հետագա ընթացքն առանց այս վկայի հարցաքննության: Դա անհրաժեշտ է նաև դատարանին, որպեսզի արդարացի դատական ակտ կայացնի: Նա առանցքային վկաներից է, եթե ոչ ամենաառանցքայինը»,-ասաց Նադիրյանը:

Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Շուրջ երկու ամիս դատական նիստը չէր կայացել, այսօր ևս հետաձգվեց, որովհետև վկաների ներկայությունը չէր ապահովվել, իսկ գործով առանցքային վկա Սամվել Սերոբյանը, դատարանին ներկայացրած գրության համաձայն՝ մեկնել է արտագնա աշխատանքի:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին: