Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն 100 մլն դոլար կներդնեն Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում. CNN
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հիմնադրամը զբաղվում է Մերձավոր Արևելքում կին ձեռներեցներին տրամադրվող օգնությամբ: Դրա ստեղծման նախաձեռնությամբ առաջին անգամ Իվանկա Թրամփը հանդես է եկել Բեռլին իր ապրիլյան այցի ընթացքում: Հիմնադրամի կառավարման գործառույթը պատկանում է ոչ թե Թրամփին, այլ Համաշխարհային բանկին:
Հեռուստաալիքն, ընդ որում, նշում է, որ նախընտրական արշավի ժամանակ Թրամփը քննադատությամբ էր հանդես գալիս իր հակառակորդի՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հանդեպ այն պատճառով, որ նրա բարեգործական կազմակերպությունը ֆինանսավորում էր ստանում երկրներից, որոնք «ցանկանում են կանանց ստրուկի դերում տեսնել», այդ երկրների թվում նշվում էր Սաուդյան Արաբիան:










