Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրն» ավարտել է «Известия»-ի շենքի գնման գործարքը. «ՌԻԱ Նովոստի»

09:53 • 22.05.17

Հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է ռուսական «Իզվեստիա» («Известия») թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և անցել դրա վերանորոգմանը։ Նախագիծը ենթադրում է նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է նախագծին ծանոթ աղբյուրը:


Աղբյուրի խոսքով՝ վերանորոգման նախագծում խմբի ներդրումների արժեքը կկազմի մոտ 150 միլիոն դոլար: «Նախագիծը ենթադրում է մայրաքաղաքի և նրա բնակիչների համար նշանային շենքի վերականգնումը և նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծումը»,- նշել է նա:


Ինչպես նշել է աղբյուրը, Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող շենքի ճակատամասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ վերանորոգման արդյունքում հայտնվելու է նոր համալիր, որը ներառելու է 250 համարով հյուրանոց, գրասենյակային հատված, ինչպես նաև հանրային սննդի ու առևտրի կետեր: