Դուք կարող եք շատ բան անել՝ անգամ մեկուսացված, սահմանափակ հնարավորությունների պայմաններում. Թոմ Քաթինան՝ ԵՊԲՀ ուսանողներին

11:17 • 22.05.17

Իմ նպատակն է Հյուսիսային Աֆրիկայի օրինակով ձեզ ցույց տալ, թե ինչպիսին է կյանքը հիվանդանոցներում պատերազմի ժամանակ:

Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճում լրագրողների հետ հանդիպմանը իր բաց դասախասությունն այսպես սկսեց  2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ, վիրաբույժը՝ Թոմ Քաթինան:

«Ես ցանկանում եմ քաջալերել Ձեզ իմ դասախոսությամբ, որ դուք կարող եք շատ բան անել՝ անգամ մեկուսացված, սահմանափակ հնարավորություններով պայմաններում»,- ասաց նա՝ հույս ունենալով, որ չնայած կարճ ժամականամիջոցին՝ նա կկարողանա իր ցանկությունն իրականացնել:

Նշենք, որ Թոմ Քաթինան Հայաստանում է մասնակցելու  2017թ. «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Նա Սուդանի 750,000 բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, օրուգիշեր ջանք չի խնայում հոգալու պատերազմից ավերված այս տարածաշրջանի բնակիչներին։ Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև բռնկված քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանք է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում։

Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռևս խաղաղ ժամանակներում։

Երբ պատերազմ սկսվեց, նրան առաջարկեցին դուրս գալ երկրից, բայց բժիշկը պնդեց, որ կմնա։ «Երբեք չեմ ափսոսացել այդ որոշմանս համար,– ասում է Թոմ Քաթինան, - այստեղ առավել քան երբևէ իմ կարիքն ունեին։ Ես չէի կարող ուղղակի վերցնել ու լքել մարդկանց, որոնց բախտի բերմամբ սկսել էի ճանաչել հենց այն պահին, երբ նրանք բոլորից շատ ունեին աջակցության կարիք։ Ամենակարևորն այստեղ մարդիկ են: Այն, ինչ նրանք անում են, չի դադարում ինձ հիացնել»։ 

Այսօր արդեն Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց համալսարանի  Պատվավոր դոկտորի կոչում:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը,կոչումը շնորհելիս նկատեց, որ դահլիճում հավաքվածների մեծ մասը մոտ ապագայում զբաղվելու են բժշկությամբ և Թոմ Քաթինայի բացառիկ օրինակը և դասախոսությունը ուսուցողական և ոգեշնչող կդառնա նրանց համար: