Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքով քրգործը կասեցվել է, սակայն շարունակվում է նրան զենք մատակարողին հայտնաբերելու մասով

14:17 • 22.05.17

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդու ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Սակայն քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք և փամփուշտներ իրացնելը:

Գործով նշանակված են եղել մի շարք փորձաքննություններ, որոնց պատասխաններն արդեն ստացվել են:

Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դիակը։

Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։