Վլադիվոստոկի օդանավակայանի բեռնակիրներն ուղեբեռից մուշտակներ են գողացել և դրանք նվիրել իրենց մտերիմներին
ՌԴ ոստիկանությունը չորս բեռնակրի է ձերբակալել Վլադիվոստոկի օդանավակայանում՝ կասկածելով նրանց ուղևորների ուղեբեռից իրերի գողության համար: Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի ՆԳՆ-ի Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը, գրում է lenta.ru-ն:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունն իրականացվել է Վլադիվոստոկ-Մոսկվա չվերթի համար ուղեբեռի դասավորման ժամանակ: Աշխատողները բացել են երկու ճամպրուկ և այնտեղից գողացել չորս մուշտակ:
Հարցաքննության ժամանակ տղամարդիկ պատմել են, որ գողացվածը նվիրել են իրենց մտերիմներին:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը վերադարձրել է մուշտակները տերերին:
Ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ:










