Այնպես չէ, որ ասելիք չունենք. Շուշանիկ Բախշյանն ու պաշտպանը քննարկում են՝ երբ խոսել դատարանում
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով ամբաստանյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ու պաշտպանը դեռևս քննարկում են, թե դատարանում օրենքով տրված որ հնարավորությունից կօգտվեն՝ ցուցմունք տալուց, պաշտպանական ճառից, թե վերջին խոսքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Հարցին,թե դատարանում պաշտպանը հայտարարել է, որ Բախշյանը ցուցմունք չի տալու, Սիրունյանն ասաց.«Նախ այդ հարցը դեռ քննարկում ենք: Պաշտպանական կողմը երեք անգամ խոսելու հնարավորություն ունի՝ ցուցմունք, հետո պաշտպանական ճառ, երբ ցանկացած ծավալով կարող է խոսել և վերջին խոսք: Այժմ մենք քննարկում ենք, թե արդյոք երեք հնարավորությունից կօգտվենք, թե մեկից»:
Սիրունյանն ասաց, որ որոշման մասին կհայտնեն առաջիկայում.«Մենք գողական չենք, որ ասենք՝ ասելու չունենք: Սկզբունք չկա, և այնպես չէ, որ ասելիք չունենք»:
Նշենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










