Զանգից տասը րոպե էլ չանցած ոստիկանը հասել է դեպքի վայր․ ՆԳՆ-ն Շաքիի դեպքի մասին

21:09 • 13.10.26

Ներքին գործերի նախարարությունը չի ընդունում, թե Սիսիանի ոստիկաններն ուշ են հասել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից զինված հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի տուն, գրում է Ազատությունը։

Ի պատասխան «Ազատության» հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին, Ավետիսյանը զանգահարել է Շաքին սպասարկող համայնքային ոստիկանի բջջային հեռախոսին։ Ոստիկանն այդ պահին հերթապահության չի եղել, նախորդ օրվա ծառայությունից հետո հանգստացել է Սիսիանի իր տանը, սակայն, ըստ ՆԳՆ-ի, զանգից տասը րոպե էլ չանցած՝ հասել է դեպքի վայր։

«Դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։ Հարկ է նաև նշել, որ ահազանգի սպասարկման ստանդարտացված կարգով բաժինը ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել», - փոխանցել է ՆԳՆ խոսնակը:

Մինչդեռ Անի Ավետիսյանն «Ազատությանը» պատմել էր, որ ոստիկանություն ահազանգելուց հետո ինքն է առաջինը հասել տուն, որտեղ ադրբեջանցի զինծառայողի հետ մենամարտի է բռնվել և ծանր վնասվածքներ ստացել։ Ընդ որում՝ իր աշխատավայրը, որտեղից շտապել էր երեխաների մոտ, ավելի հեռու է իր տնից, քան Սիսիանի ոստիկանության բաժանմունքը: Նրա խոսքով՝ ադրբեջանցու փախուստից հետո դեպքի վայր է հասել նախ իր մորաքույրը, և դրանից մոտ 5 րոպե անց՝ ոստիկանները։

Ավելի վաղ Սիսիանի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանը ևս պնդել էր, թե ոստիկանները չեն թերացել, սակայն չէր բացատրել, թե ինչու են Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր։

Ավելին՝ սկզնաղբյուրում։