Ի սրտե ցավում եմ տեղի ունեցածի համար. Արիանա Գրանդեն մեկնաբանել է իր համերգի ժամանակ տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն Twitter սոցկայքի իր միկրոբլոգում մեկնաբանել է մայիսի 22-ի երեկոյան բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում իր համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից որպես ահաբեկչություն է որակվել:
«Ես ամբողջովին կոտրված եմ: Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»,- գրել է 23-ամյա երգչուհին, որը միջադեպի հետևանքով չի տուժել:
Հայտնի է, որ նրա համերգի վերջում որոտացած պայթյունը դարձել է 19 մարդու մահվան պատճառ, ևս 59 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է:
Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Մանչեսթերի ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ քանի դեռ այլ մանրամասներ ի հայտ չեն եկել տեղի ունեցածի վերաբերյալ, պատահարը կարելի է ահաբեկչական գործողություն անվանել:
Մինչդեռ ամերիկյան կողմի տվյալներով՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը:










