Շուշանիկ Բախշյանը մահացած ծննդկանի մոտ առկա հեստոզը չի ախտորոշել. ծննդկանի մահվան գործով հարցաքննվեց դատաբժիշկը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց Մերի Մարգարյանի գործով ձևավորված բժշկական հանձնաժողովի նախագահ, դատաբժիշկ, գլխավոր փորձագետ Գագիկ Հարությունյանը։
Վերջինս հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննությունն իրականացվել է 2015 թվականին, հանձնաժողովի կազմում եղել են երկուական մասնագետներ, որպեսզի տարակարծությունների դեպքում ճիշտ եզրակացություն տրվի, սակայն տարակարծություններ չեն եղել։
«Մերի Մարգարյանը պետք է հոսպիտալացվեր երբ դիմել էր բժշկի, որովհետև երբ 26-ին հոսպիտալացվել է, հիվանդանոց դիմելու օրը ևս նույն գանգատներն է ունեցել։ Հիվանդությունը վարող բժիշկը պետք է նրան հոսպիտալացներ։ Մերի Մարգարյանին անհրաժեշտ է եղել դինամիկ բժշկական հսկողություն»,-ասաց դատաբժիշկը։
Մեղադրող դատախազի հարցին, թե 35 շաբաթական հղիի մոտ հաճախակի փսխումը, ջերմությունը և այլ գանգատներն ինչի մասին են վկայել, Հարությունյանն ասաց. «Դրանք հեստոզի նշաններ են, մտածելով, որ դա կարող է հեստոզ լինել՝ կարելի էր կանխել այն։ Այդ դեպքում, եթե կար հեստոզ, անհրաժեշտ էր կատարել կեսարյան հատում։ Բացի այդ, հեստոզի համար դեղախմբեր կան, որոնք չեն նշանակվել»։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թովմասյանի հարցին, թե դատաբժշկական եզրակացության մեջ նշվում է, որ հուլիսի 27-ին պետք է կատարվեր կեսարյան հատում, ինչու է նման եզրակացություն տրվել, գլխավոր փորձագետն ասաց, որ հիմքում եղել է մասնագետների կարծիքը. «Ակնհայտ էր,որ պետք է հուլիսի 27-ին արվեր կեսարյան հատում, հեստոզի ու «Հելլփ» սինդրոմի դեպքում դա է»։
Հարցին, թե հուլիսի 23-ին, 24-ին հիմքեր եղե՞լ են, որ հեստոզ է հիվանդի մոտ, Գագիկ Հարությունյանն ասաց, որ այդ օրերին հեստոզի հիմքեր չեն եղել, սակայն կարող էին մտածել, որ հեստոզի հիմքեր կան։
Հարցին, թե հեստոզը «Հելլփ» սինդրոմի նախանշա՞ն է, և ո՞ր մասնագետը պետք է այն կանխորոշեր, Հարությունյանն ասաց. «Այո, հեստոզը «Հելլփ» սինդրոմի նախանշանն է, և այն պետք է ախտորոշի գինեկոլոգը»։
Հարցին, թե հեստոզի չախտորոշումը «Շենգավիթ» ԲԿ-ում ինչի պատճառ կարող է լինել, ինչու Շուշանիկ Բախշյանը չի ախտորոշել կամ կասկածել, որ հեստոզ է, փորձագետն ասաց. «Վիճակը ճիշտ չի գնահատվել»։
Հարցին, թե որևէ խանգարող հանգամանք եղե՞լ է, որպեսզի Շուշանիկ Բախշյանն ախտորոշեր հեստոզ, դատաբժիշկն ասաց. «Ո՛չ, հանգիստ կարելի էր որոշել, որ Մերի Մարգարյանի մոտ հեստոզ է»։
Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










