Մեծ Բրիտանիայի քաղաքական ուժերն ահաբեկչությունից հետո դադարեցրել են նախընտրական քարոզարշավը
Մեծ Բրիտանիայի քաղաքական ուժերը համաձայնել են մինչև հետագա ծանուցումը դադարեցնել նախընտրական քարոզարշավը՝ Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ընթացքում տեղի ունեցած պայթյունից հետո, գրում է Reuters գործակալությունը:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարությունում նշել է, որ խոսել է վարչապետ Թերեզա Մեյի հետ, և նրանք համաձայնել են, որ հունիսի 8-ի ընտրությունների համար իրականացվող քարոզարշավը դադարեցվի:
Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով կուսակցությունում աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ իշխող բրիտանական Պահպանողական կուսակցությունը կդադարեցնի նախընտրական արշավը Մանչեսթերում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք։
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:










