Ֆրանսիան մտադիր է երկխոսություն զարգացնել Իրանի հետ

05:19 • 23.05.17

Ֆրանսիան մտադիր է Իրանի հետ քաղաքական երկխոսություն զարգացնել՝ հույս փայփայելով հարթեցնել տարածաշրջանային ճգնաժամերը, հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ Business Insider-ի փոխանցմամբ:

Երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը «քաղաքական երկխոսություն է զարգացնելու, որը պետք է դառնա տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գլխավոր գործոնը», հայտնել է նախարարությունը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտոնական Փարիզը համաձայն է Իրանին մեկուսացնելու Թրամփի կոչերին։

Հիշեցնենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում Թրամփն Իրանն անվանել է Մերձավոր արևելքում զինյալների ֆինանսավորման ու սատարման գլխավոր աղբյուրը՝ նշելով ԱՄՆ խիստ դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ։