Լոնդոնի «Վիկտորիա» ավտոկայանից իրականացվել է ուղևորների տարհանում՝ կասկածելի փաթեթի պատճառով
Լոնդոնի «Վիկտորիա» ավտոկայանից իրականացվել է ուղևորների տարհանում՝ կասկածելի փաթեթի հայտնաբերման պատճառով, հայտնում է The Independent-ը:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ստորաբաժանումները: Ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց հեռու մնալ տարածքից: Կենտրոնական Լոնդոնում ոստիկանությունը փակել է ավտոկայանին հարող փողոցները: Շենքը շրջափակված է:
Հաղորդվում է, որ տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել:
«Իրականացվում է կասկածելի փաթեթի ստուգում»,- ասել է քաղաքի ոստիկանության խոսնակը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է:










