Լվովում հորդառատ անձրևից հետո աղբանոցների աղբը տարածվել է քաղաքով մեկ (լուսանկարներ, տեսանյութ)

13:20 • 23.05.17

Ուկրաինական Լվով քաղաքում տեղացած հորդառատ անձրևից հետո աղբանոցների աղբը ջրային հոսանքներով տարածվել է ամբողջ քաղաքում: Այս մասին հայտնում է РИА Украина-ն:

Նշվում է, որ նախօրեին Լվովում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 30 տոկոսը: Կոմունալ ծառայությունների աշխատակիցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հեռացնելով անձրևի հետևանքներն առավել խնդրահարույց տարածքներում:

Հայտնի է, որ Լվովում առկա է աղբահանության խնդիր: Վերջերս մի շարք թաղամասերում աղբ է հավաքվել, որը վտանգ է ներկայացնում քաղաքի սանիտարական վիճակի համար:

Լվովի աղբանոցը փակվել է 2016 թվականին բռնկված հրդեհից հետո, և այդ պահից ի վեր Գալիչինայի աղբը տարածվում է ամբողջ Ուկրաինայում, գրում է աղբյուրը։