Թուրքիայի նկատմամբ ՌԴ պատժամիջոցների վերացումը չի ազդի ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալների վրա. տնտեսագետ

21:27 • 23.05.17

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների վերացումը չի ազդի Հայաստանից դեպի ՌԴ արտահանման ծավալների վրա:

«Տեսականորեն կարելի է այդ հարցերը իրար կապել, սակայն պրակտիկորեն տեղին չեմ համարում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ոչ իր մասշտաբներով, ոչ իր մրցունակությամբ չի կարող այդ ապրանքները և ծառայությունները մատուցել, որպեսզի ասենք, թե որքան կտուժի և կշահի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տնտեսագետը գտնում է, որ ՀՀ-ն իր ապրանքների և ծառայությունների որմնախորշը համաշխարհային շուկայում պետք է պահպանի, անկախ նրանից, թե ով ում հանդեպ ինչ պատժամիջոցներ է կիրառում:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ իրականացված պատժամիջոցները հնարավորություն են տալիս Հայաստանին մեծացնել արտահանման ծավալները դեպի ՌԴ, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Պետք է առաջին հերթին ուսումնասիրել արտահանման կառուցվածքը, և կտեսնեք, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ քիչ չեն նաև թուրքական ծագում ունեցող ապրանքները, որոնք 2015 և 2016 թվականին արտահանվել են Ռուսաստան»:

Նա նկատեց, որ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի սահմանափակումների գործողության պայմաններում որոշ ընկերություններ պարզապես վերաարտահանում էին իրականացնում, մասնավորապես՝ ոսկերչական իրեր և այլ ապրանքներ:

«Այս պայմաններում նման ճարպիկ ձեռներեցները կարող են մտահոգվել: Սակայն իրականում ՀՀ այն ապրանքները և ծառայությունները, որոնք մրցունակ են և կարողացել են իրենց տեղը գտնել ռուսական շուկայում, կարծում եմ, որ մտահոգության որևէ առիթ չպետք է ունենան, քանի որ դրանց հանդեպ պահանջարկը բավականին մեծ է»,-ասաց նա:

Հարցին, թե, ըստ նրա, ինչ է արվել կառավարության կողմից, որ օգտվելով Թուրքիայի հանդեպ եղած պատժամիջոցներից՝ արտադրության ծավալներն ավելացվեն, ինչի արդյունքում արտահանումը դեպի ՌԴ կաճի, Թաթուլ Մանասերյանը կոչ արեց այդ հարցը ուղղել կառավարությանը:

Ինչ վերաբերում է արտադրության ծավալների մեծացմանն ուղղված աշխատանքներին, ապա տնտեսագետն ասաց, որ նման քայլերի փորձեր արվում են:

«Թեև դրանք խիստ անբավարար են, քանի որ պետք է համակարգային մոտեցում»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այդ առումով «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը, որով կարող է խթանվել արտահանման ծավալները:

Տնտեսագետի գնահատմամբ արտահանման ծավալների ավելացման պոտենցիալը բավականին մեծ է՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից, բարձր տեխնոլոգիաների և գիտատար արտադրությունների արտադրանքից, նորարարություններից, կրթական, առողջապահական, զբոսաշրջության և այլ ծառայություններից և վերջացրած սննդի և թեթև արդյունաբերության արտադրանքով, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդկային ռեսուրսը ՀՀ-ում բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, և հիշյալ ապրանքներն ու ծառայությունները մշտապես իրենց պահանջարկը պետք է ընդլայնեն ռուսական և եվրասիական շուկաներում: