Մանչեսթերի ոստիկանությունը 23-ամյա տղամարդու է ձերբակալել ահաբեկչության առնչությամբ

15:31 • 23.05.17

Մանչեսթերի հարավում 23-ամյա տղամարդ է ձերբակալվել նախօրեին «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում իրականացված ահաբեկչության առնչությամբ: Այդ մասին հայտնել է Մանչեսթերի ոստիկանությունը, գրում է The Independent-ը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը, չնայած չի պատրաստվում այս պահին հայտարարել նրա անունը: Թերեզա Մեյը հավելել էր նաև, որ ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչություն իրականացնողը մահապարտ է եղել, որը մահացել է դեպքի վայրում: Նա նշել էր, որ ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք նա գործել է միայնակ, թե ոչ:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք:


Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:


Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:


Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն էր հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ  կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է: