Մանչեսթերում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի. (լուսանկարներ, տեսանյութ, թարմացված)

10.38
Երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով անգլիական քաղաքի ոստիկանությանը:
Ոստիկանության ղեկավար Յան Հոփքինսը նշել է, որ միայնակ ահաբեկիչը, որը մահացել է պայթյունի ժամանակ, կրել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որն էլ պայթեցրել է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 19 մարդու կյանք ու վնասվածքներ հասցնելով 59 հոգու:
9.21 Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է:
Ինչպես նշում է Reuters-ը, վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Մանչեսթերի ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ քանի դեռ այլ մանրամասներ ի հայտ չեն եկել տեղի ունեցածի վերաբերյալ, պատահարը կարելի է ահաբեկչական գործողություն անվանել:
Մինչդեռ ամերիկյան կողմի տվյալներով՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 19 մարդու կյանք ու վնասվածքներ հասցնելով 59 հոգու:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:
















