Սթիվեն Սիգալը կնկարահանվի ՌԴ Հեռավոր Արևելքում հողատարածք ստանալու մասին հեռուստաշոուում
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սթիվեն Սիգալը կմասնակցի «Ռոսիա-1» հեռուստաալիքի նոր նախագծի նկարահանումներին. հաղորդման ժամանակ կցուցադրվի՝ ինչպես է դերասանը «հեռավորարևելյան հեկտար» ստանում: Այս մասին հայտնում է Պրիմորյեի երկրամասի վարչակազմը:
«Հեռուստադիտողներին կպատմեն այն բոլոր փուլերի մասին, որոնք կանցնի Սթիվեն Սիգալը՝ հողամասի ընտրությունից մինչև տարածքի սեփականաշնորհման դիմում գրելը», - ասվում է վարչակազմի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սիգալը մտադիր է բազմաֆունկցիոնալ մարզահամալիր կառուցել այդ հողամասում, որտեղ պլանավորում է վարպետության դասեր և հանդիպումներ կազմակերպել մարզիկների հետ:
Նախագծով զբաղվող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենց պլանների մեջ մտնում է այս հողամասում կառուցել միջազգային մշակութային կենտրոն՝ զվարճությունների պուրակով, հյուրանոցներով, թանգարանով և ցուցահանդեսային կենտրոնով:
«Մենք արդեն աշխատում ենք ներդրողների հետ, որոնք պատրաստ են այս նախագծերն իրականացնել Պրիմորյեի երկրամասում», - ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարի ՌԴ Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Գալուշկան տեղեկացրել էր, որ արդեն 2016թ. կարող է մեկնարկել Հեռավոր Արևելքում Ռուսաստանի բնակիչներին անվճար հողատարածքների հատկացման ծրագիրը:










