Նյարդաբանի ախտորոշած սուր սուբարախնոիդալ արյունազեղումը միջոց է եղել Մերի Մարգարյանին «Շենգավիթ» ԲԿ-ից տեղափոխելու համար. դատաբժիշկ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց Մերի Մարգարյանի գործով ձևավորված բժշկական հանձնաժողովի նախագահ, դատաբժիշկ, գլխավոր փորձագետ Գագիկ Հարությունյանը։
Վերջինս հայտնեց, որ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մոտ առկա է եղել հեստոզ, որը պետք է ախտորոշեր գինեկոլոգը, ինչը չի արվել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թովմասյանի հարցին, թե որն է եղել Մերի Մարգարյանին «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու պատճառը Հարությունյանը պատասխանեց. «Տեղափոխման պատճառն անհասկանալի է, նյարդաբանը սխալ ախտորոշում է տվել։ Չնայած մեզ մոտ առկա փաստաթղթերում նշված չէ, սակայն երևի մտածել են, որ ծանր հիվանդ է, ավելի լավ է գտնվի բազմաֆունկցիոնալ հիվանդանոցում։ Նյարդաբանի ախտորոշած սուր սուբարախնոիդալ արյունազեղում հիվանդությունը միջոց է եղել Մերի Մարգարյանին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղափոխելու համար»։
Դատաբժիշկն ասաց, որ նյարդաբանը սուր սուբարախնոիդալ արյունազեղում է ախտորոշել, թե որտեղից ու ինչպես հայտնի չէ. «Հիմնական խնդիրը թողած, այլ խնդիրնե՞ր են տեսել»։
Գագիկ Հարությունյանն ասաց, որ «Շենգավիթ» ԲԿ-ից Մերի Մարգարյանը տեղափոխվել է ծանր վիճակով։
Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










