Նաիրիտի գույքը մաս-մաս վաճառվում է, ևս մեկ աճուրդ է հայտարարված. նաիրիտցի
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքն արդեն 3-րդ աճուրդին է հանվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչ Թադևոսյանը՝ հավելելով, որ 2017թ. հունիսի 9-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կանցկացվի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով: Աճուրդի են հանվելու սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր (վենտիլների, փականների), քիմիական նյութեր, տարողություններ և այլն:
«20 օրը մեկ աճուրդներ են եղել, մաս –մաս վաճառում են արտադրության համար ոչ պիտանի գույքը, լուծարման գործընթացը տանում են առաջ»,- շեշտեց նա:
Ըստ նրա՝ գործարանի ներկա աշխատողների պարտքերը պետք է մարեն գույքի վաճառքից ստացված գումարներից:
«150-ից ավել աշխատողներ կան, ովքեր ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել »,-ընդգծեց նա:
Հրաչ Թադևոսյանը շեշտեց, որ այլևս ակնկալիք չկա, որ գործադիրը կզբաղվի գործարանի վերագործարկման հարցով, չնայած նրան, որ «Նաիրիտ»-ը վերագործարկել հնարավոր է, ներդրումներ անել ցանկացողներ ևս կան:
Նշենք, որ azdarar.am կայքից տեղեկանում ենք նաև, որ մայիսի 19-ին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի:










