ԱՄՆ-ում ձեռքերի կոտրվածքներ և ոտքերի վնասվածքներ ստացած տղամարդը 4 օր սողալով հասել է մարդաշատ վայր

13:00 • 24.05.17

ԱՄՆ Օհայո նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկել են վերջույթների կոտրվածքներ և վնասվածքներ ստացած տղամարդուն, որը չորս օր անցկացրել է հեղեղատում: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջերալդ Մասկևիչ անունով տղամարդն ընկել է մեծ բարձրությունից, ինչի հետևանքով ստացել է ձեռքերի կոտրվածքներ և ոտքերի ու կրծքավանդակի լուրջ վնասվածքներ:

Տղամարդու խոսքով՝ ինքը վնասվածքները ստացել է մայիսի 18-ին, սակայն իրեն գտել են մայիսի 22-ին՝ քաղաքից դուրս գտնվող ակումբի տարածքում, որտեղ նա հասել է սողալով՝ օգնություն գտնելու համար:

Նշվում է, որ այժմ Մասկևիչը գտնվում է հիվանդանոցում: Փրկարար ծառայությունը նշում է, որ այդ օրերին անձրևներ են տեղացել, իսկ գիշերը ցուրտ է եղել, ահա թե ինչու տղամարդու բախտը բերել է, որ նա ողջ է մնացել: