Կալիֆորնիայի նահանգային սենատը հավելյալ 3 մլն դոլար կհատկացնի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նախագծին
Կալիֆորնիայի նահանգային սենատի բյուջեի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Գլենդեյլ քաղաքում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նախագծին հավելյալ 3 մլն դոլար տրամադրելու առաջարկին:
Ինչպես նշում է Asbarez-ը, առաջարկը ներկայացվել է բարձրաստիճան սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի, Քևին դե Լեոնի և բյուջեի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ռիչարդ Ռոթի նախաձեռնությամբ:
Հայտնի է, որ Հայ-ամերիկյան թանգարանի գործադիր կոմիտեի անդամ Զավեն Կազազյանը նահանգային սենատից 4 մլն դոլար էր խնդրել, սակայն որոշվել է 3 մլն հատկացնել:
«Կալիֆորնիան միշտ էլ աջակցել է կարևոր թանգարանային նախագծերին, և իմ ցանկությունն էր, որ հայկական թանգարանին արժանի ուշադրություն և աջակցություն ցուցաբերվի: Մեծ ձեռքբերում է, որ նահանգային սենատի բյուջեի հարցերով հանձնաժողովը համաձայնել է 3 մլն դոլար հատկացնել ի հավելումն ավելի վաղ նահանգային բյուջեի կողմից այս նախագծին հատկացված գումարին»,-նշել է Պորտանտինոն:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի 2016-2017թթ. բյուջեից 1 մլն դոլար է հատկացրել Գլենդեյլ քաղաքում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նախագծին:
Նշենք, որ կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի շենքը կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: 1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:










