Բեռլինը մտադիր է քննարկել «Ինջիրլիք» ավիաբազայի շուրջ ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ

17:47 • 24.05.17

Գերմանիան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ բարձրացնել «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հարցը, ինչպես նաև քննարկել Թուրքիայի կողմից գերմանացի խորհրդարանականների մուտքն այնտեղ թույլ չտալու հարցը: Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է ТАСС-ը:


«Դա լուրջ իրավիճակ է: Այն թույլ չի տալիս զարգացնել երկխոսությունը Թուրքիայի և Գերմանիայի միջև»,- ասել է նա:


«Կարծում եմ՝ մենք կկարողանանք քննարկել այդ հարցը վաղը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»,- հավելել է Գերմանիայի փոխկանցլերը:


Կայքը հիշեցնում է, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման հերթական շրջադարձը տեղի է ունեցել օրերս, երբ թուրքական իշխանությունները տեղեկացրել են Գերմանիայի կառավարությանն «Ինջիրլիք» Բունդեսթագի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին: Դրան ի պատասխան Բեռլինը հայտարարել է «Ինջիրլիքին» այլընտրանք գտնելու մասին: Որպես առաջնահերթ տարբերակ քննարկվում է զինվորականների տեղափոխումը Հորդանան: