Մեծ Բրիտանիայում հաջորդ ահաբեկչությունը կարող է անխուսափելի լինել. Թերեզա Մեյ

13:14 • 24.05.17

Մեծ Բրիտանիայում հարձակման հավանականությունը ոչ միայն պարզապես բարձր է մնում, այլև հաջորդ հարձակումը կարող է անխուսափելի լինել: Այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ հայտարարելով երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը «լուրջ»-ից առավելագույն «կրիտիկական»-ի բարձրացնելու մասին, ինչը նշանակում է ահաբեկչության անմիջական սպառնալիք, հայտնում է BBC-ն:


Ահաբեկչական սպառնալիքի վտանգը որոշում է ահաբեկչության վերլուծության միավորված կենտրոնը, որի մեջ մտնում են փորձագետներ ոստիկանությունից, հետախուզական ծառայություններից և այլ ուժային կառույցներից:


«Նրանց գնահատմամբ՝ հարձակման հավանականությունը ոչ միայն բարձր է մնում, այլև հաջորդ հարձակումը կարող է անխուսափելի լինել»,- հայտարարել է Բրիտանիայի վարչապետը:


Մեյի խոսքով՝ չի կարելի բացառել հնարավորությունը, որ երկրում կա Մանչեսթերում իրականացված ահաբեկչությանը ներգրավված մարդկանց մի ամբողջ խումբ:


Վարչապետը նաև խոստացել է, որ բրիտանական քաղաքների փողոցների պարեկությանն այժմ կմիանա բանակը: Լրացուցիչ կհսկվեն ենթակառուցվածքների բոլոր առանցքային օբյեկտները և զբոսաշրջային տեսարժան վայրերը:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։