«Գահերի խաղի» աստղերն ավելի արագընթաց եթերաշրջան են խոստացել
«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերը խոստացել են, որ նոր եթերաշրջանն ավելի արագընթաց կլինի: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
Ջեյմե Լանիսթերի դերակատար Նիկոլայ Կոստեր Վալդաուի խոսքով՝ իրեն թվացել է, որ ինքն ուրիշ տեմպի մեջ է ընկել:
«Ամեն ինչ տեղի է ունեցել ավելի արագ, քան ես սովոր եմ… շատ բաներ, որոնց համար սովորաբար մեկ եթերաշրջան է պահանջվել, այժմ տեղավորվում է մեկ դրվագի մեջ», - պատմել է դերասանը:
Նրա հետ համաձայն է նրա գործընկեր Քիթ Հարինգթոնը, որը սերիալում կատարում է Ջոն Սնոուի դերը:
«Այս եթերաշրջանն իսկապես տարբերվում է մյուս բոլոր եթերաշրջաններից, քանի որ այն գնալով արագանում է», - ասել է նա:
Նրա խոսքով՝ շատ բաներ տեղի են ունենում ավելի արագ, քան հանդիսատեսը սովոր է տեսնել «Գահերի խաղում»:
Սերիալի սցենարի հեղինակների խոսքով՝ իրադարձությունների արագացումը կապված չէ այն բանի հետ, որ վերջին երկու եթերաշրջաններում ավելի քիչ սերիաներ կան: Դենիել Բրետ Ուայսի խոսքով՝ ամեն ինչ ավելի արագ է կատարվում, քանի որ «Գահերի խաղի» տիեզերքում պատերազմ է սկսվում, որին սպասել են հերոսները, և հակամարտություններ են ծագում, որոնք առաջացել են վերջին վեց տարիների ընթացքում: Ահա թե ինչու սերիալի հերոսները ստիպված են ավելի արագ գործել:
Հայտնի է, որ նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա հուլիսի 16-ին:










