Բանակում չծառայածները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, արարել, ամուսնանալ. Կարինե Աճեմյան (տեսանյութ)
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով, գործողության ժամկետը երկարաձգելով՝ հնարավորություն է ընձեռվում 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից, արարել, հայրենիքում ամուսնանալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հիշեցնելով, որ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու նախաձեռնողը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն է, ինքը համահեղինակն է:
«Խնդիրը սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին 2003 թ-ի օրենքին է վերաբերում, օրենքը տարիների ընթացքում բազմաթիվ անգամ վերանայվել է, լրացվել է, և այդ վերանայումը վերաբերվում է հենց ժամկետներին: Եթե խնդիր է ծագում օրենքը փոփոխելու, նշանակում է՝ կա պահանջ: Վերջին փոփոխությամբ՝ ժամկետը մինչև 2015թ. մայիսի 1-ն է, մեր փոփոխությամբ երկարաձգվում է մինչև 2017թ. մայիսի 1: Չի կարելի բացասական ենթատեքստ փնտրել այս օրենքում, անթույլատրելի է»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, որ պետությունը մի կողմից փորձում է խրախուսել բանակում կադրերի ավելացումը՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերով, առաջարկվում է նաև 3 տարվա ծառայություն՝ համապատասխան գումարի դիմաց, մի կողմից էլ այսպիսի օրենքի ժամկետն է փորձ արվում երկարաձգել՝ ըստ էության «ներում» շնորհելով նաև չծառայածներին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում չծառայածներին՝ Կարինե Աճեմյանն ասաց. «Դուք ճիշտ նկատեցինք, բայց այս մարդիկ հիմա արդեն մինչև 35 տարեկան են։ Պարզ է, որ կարող են ունենալ ընտանիքներ, արու զավակներ, այսինքն՝ ովքեր հետագայում կարող են բանակում ծառայել: Եվ ուզում եմ նշել, որ ՊՆ-ի հատուկ բացված հաշվեհամարին են այդ գումարներն ուղղվելու, որը ծառայում է միայն ռազմական կարիքների համար, բայց հնարավորություն չտալ մարդկանց վերադառնալ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, սա չի խթանում զորակոչից խուսափողների քանակի ավելացումը»։
Անդրադառնալով հարցին, թե նախագծի լրացումների շնորհիվ քանի՞սն են Հայաստան վերադառնում՝ Կարինե Աճեմյանն ասաց, որ կոնկրետ վիճակագրություն չկա:
«Ստույգ թվեր չեմ կարող ասել, բայց տարեկան 100-200 երիտասարդներ վերադարձել են, իսկ դա քիչ չէ։ Եթե գումարենք, հազարավոր երիտասարդների մասին է խոսքը»,-նշեց նա:
Մանրամասները՝տեսանյութում։










