Թրամփը Կիմ Չեն Ընին «միջուկային զենքերով խելագար» է անվանել. The Washington Post

11:11 • 24.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆիլիպինցի գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին «միջուկային զենքերով խելագար» է անվանել:

Ինչպես նշում է The Washinghton Post-ը, ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցից մի քանի օր հետո Թրամփը հրապարակավ հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելն իր համար մեծ պատիվ կլիներ:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ միջուկային զենքերով այդ խելագարն այդչափ սանձարձակ իրեն պահի: Մենք նրանից 20 անգամ շատ զենք ունենք, սակայն չենք ուզում այն օգտագործել»,- շարունակել է ԱՄՆ նախագահը:

Զրույցի ընթացքում 70-ամյա ղեկավարը գոհունակություն է հայտնել առ այն, որ Փհենյանի արձակած հրթիռները կործանվում են ու չեն ապահովում սպասված արդյունքը:

Պարբերականի տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ապակոդավորված տարբերակում ասվում է, որ Դուտերտեն համաձայնել է Թրամփի ասածների հետ՝ հավելելով, որ «Կիմ Չեն Ընն իր ռումբերի հետ խաղալիքների պես է խաղում»:

«Նրա գլուխը լավ չի աշխատում և, միգուցե, նա խելագարվի»,-նշել է Ֆիլիպինների նախագահը:

Այնուհետև Թրամփը հույս է հայտնել, որ տարածաշրջանայաին խոշոր խաղացող Չինաստանը կլուծի հյուսիսկորեական խնդիրը:

«Կարող ես ասել, որ ես հույսս նրա վրա եմ դրել: Ես նրա հետ լավ հարաբերությւոնների մեջ եմ: Եթե նա այդ հարցը չլուծի, ուրեմն մենք դա կանենք»,- եզրափակել է Թրամփը: