Հազարավոր մարդիկ մասնակցել են Մանչեսթերի ահաբեկչության զոհերի հիշատակի սգո արարողությանը
Հազարավոր մարդիկ երեքշաբթի մասնակցել են Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը, որն անկացվել է քաղաքի կենտրոնական հրապարակում:
Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, մասնակիցները «Ես սիրում եմ Մանչեսթերը» գրությամբ պաստառներ էին պատրաստել: Զոհերի հիշատակին ծաղիկներ են դրել և մեծ մոմ են վառել:
Միջոցառմանը մասնակցել են, ինչպես տուժողների հարազատներն ու մտերիմները, այնպես էլ մի շարք քաղաքական գործիչներ: Ժամեր առաջ այնտեղ է գտնվել նաև երկրի վարչապետ Թերեզա Մեյը:
Ինչպես հաղորդվում է, 91-ամյա Էլիզաբեթ թագուհին և նրա 95-ամյա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպն այսօր Բուքինգհեմյան պալատի աստիճանահարթակին մեկ րոպե լռությամբ ևս հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում էր Արիանա Գրանդեի համերգը, երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 22 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը`վիրավորվել: Պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»:










