Այդ մրցանակն ընդունեցի որպես Աստծուց եկած մի ուղերձ, որն ասում էր՝ մի՛ վախեցիր․ Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորա» մրցանակի մասին
Սերն է փրկում աշխարհը․ Գյումրիում՝ Հայ կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցում, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց 2016թ․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
«Այս քաղաքը. որ ավերվել է երկրաշարժից, այն փաստը, որ մենք հիմա գտնվում ենք այս եկեղեցում, հենց սիրո հաղթարշավն է աշխարհում և սիրո հաղթանակն է ատելության դեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարգարիտ Բարանկիցեն դարձել է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը 2016 թվականին: Մրցանակի Ընտրող հանձնաժողովը կարևորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատևելու և բարօրության հասնելու հնարավորություն:
Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա ականատես է եղել մարդկանց դաժան սպանությունների և որոշել է 25 երեխաների ապահովել սննդով և ապաստանով։ Եվրոպացի, բուրունդիացի ընկերների օգնությամբ ստեղծել է աջակցության ցանց։ 1994 թվականի մայիսին Ռույիգիի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոս Ժոզեֆ Մդուհիրուբուսան համաձայնվել է նախկին դպրոցը վերածել երեխաների համար ապաստանի, որն անվանվել է «Maison Shalom» («Խաղաղության տուն»)։
Մարգարիտ Բարանիկցեն նշեց, որ ինքը տեղյակ է, որ 200 հազար բնակչություն ունեցող Գյումրին 1988 թվականի երկրաշարժից հետո ունի նախկին բնակչության կեսը հիմա:
«Բայց նաև գիտեմ, որ ձեր մեջ խիզախություն եք գտել այդ տխուր ու ողբերգական էջը թերթելու։ Գիտեմ, որ Շառլ Ազնավուրի երգը ծնվել է այդ արհավիրքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խոսելով իրեն շնորհված «Ավրորա» մրցանակի նշանակության մասին՝ նա ասաց, որ ինչպես Մարիամը Գաբրիել հրեշտակապետից իմացավ, որ իր մեջ կրելու է Աստծո որդուն, նույնպես և ինքը ընդունեց իր մրցանակը՝ որպես Աստծո կամք:
«Եվ ասացի՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է, թող ի կատար ածվի նրա կամքը։ Ես հայրենիք չունեմ, լքել եմ իմ երկիրը, ու այդ մրցանակը ես ընդունեցի որպես Աստծուց եկած մի ուղերձ, որն ասում էր՝ մի՛ վախեցիր։ Նվիրաբերած գումարով ես կարողացա բոլոր երեխաներին հույս տալ, որոնք կորցրել էին իրենց հույսը․․․ Ինձ համար շատ կարևոր է, որ հայկական Սփյուռքը, որ կարող էր այդ գումարն օգտագործել հայ ժողովրդի տարբեր խնդիրները լուծելու համար, դիմեց այդպիսի մեծահոգի քայլի և օգնություն բերեց։ Ես դրա մեջ վեհություն եմ տեսնում, և դա եմ հատկապես գնահատում»,- ասաց նա:










