1.32 մլրդ մարդ. չինացի ակադեմիկոսը պնդում է, թե Հնդկաստանը բնակչության թվով առաջ է անցել Չինաստանից
ԱՄՆ-ի Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի ակադեմիկոս Ի Ֆուսիանը պնդում է, որ Հնդկաստանը բնակչության թվով առաջին անգամ առաջ է անցել Չինաստանից: Ըստ գիտնականի հաշվարկների՝ ներկայում Հնդկաստանի բնակչության թիվը հասել է 1.32 մլրդ-ի, մինչդեռ Չինաստանում ապրում է ավելի քիչ՝ 1.29 մլրդ մարդ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ֆուսիանն այս մասին հայտարարել է Պեկինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է, որ Չինաստանի իշխանություններն ուռճացնում են բնակչության իրական թիվը՝ ներկայացնելով 1.38 մլրդ ցուցանիշը:
Աղբյուրը նկատում է, որ առաջատար համալսարանների և ինստիտուտների ժողովրդագիրները տարակուսանք են հայտնել չինացի մասնագետի հայտարարության առնչությամբ:
Հնդիկ մասնագետների կարծիքով՝ Հնդկաստանը դեռևս զիջում է Չինաստանին բնակչության թվի առումով, սակայն կարող է այդ երկրից առաջ անցնել արդեն 2025թ.:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հնդկաստանում բնակվում է 1.3 մլրդ մարդ:










