Լրատվամիջոցները հրապարակել են Մանչեսթերի ահաբեկչի լուսանկարները
Անգլիական Մանչեսթեր քաղաքում 22 մարդու մահվան պատճառ դարձած տղամարդը ծագումով Լիբիայից Սալման Ռամադան Աբեդին է, գրում է The Guardian-ը՝ հրապարակելով նրա լուսանկարը։
Ոստիկանությունը հաստատել է 22-ամյա տղայի ինքնությունն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները փոխանցել է այդ տեղեկատվությունը լրագրողներին՝ ըստ երևույթին Բրիտանիայի ոստիկանության և անվտանգության ծառայության ցանկությանը դեմ գնալով:
Աբեդին հայտնի է եղել անվտանգության ծառայություններին, բայց ակտիվ հետաքննության մեջ ներգրավված չի եղել և չի գնահատվել որպես լուրջ վտանգ:
Ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները փորձում են պարզել, թե արդյոք նա միայնակ է գործել, թե ավելի լայն ցանցի մաս է եղել: Չնայած «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը դրա ոչ մի ապացույց չի գտել:
Նշվում է, որ Աբեդին ծնվել է Մանչեսթերում 1994 թվականին: Նրա ծնողներն ավելի վաղ փախել էին Լիբիայում Մուամմար Քադաֆիի ռեժիմից: Աբեդին աշխատել է հացի փռում: Նա ուներ մեկ քույր և երկու եղբայր:
Տեղեկությունների համաձայն՝ նրա մայրը և հայրն այժմ վերադարձել են Լիբիա: Նա որոշ ժամանակով նույնպես Մեծ Բրիտանիայից հեռացել էր Լիբիա, բայց, տեղեկությունների համաձայն, վերադարձել էր վերջին օրերին:
Երեքշաբթի հետաքննության առնչությամբ ձերբակալվել է Աբեդիի 23-ամյա եղբայրը: Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննության առնչությամբ ձերբակալվել է ևս երեք մարդ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։



















