Շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ բարեհամբույր են. Թոմ Քաթինան Գյումրիում (տեսանյութ)
Գյումրում մասին լսել եմ, երկրաշարժից է տուժել, գալով այստեղ չէի կարծում, որ այսքան գեղեցիկ քաղաք կտեսնեմ: Գյումրիի Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ, վիրաբույժը՝ Թոմ Քաթինան:
«Շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ բարեհամբույր են: Ես հիացած եմ այս քաղաքով»,- ասաց նա:
Նշենք, որ Թոմ Քաթինան Հայաստանում է մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Սուդանի 750,000 բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, օրուգիշեր ջանք չի խնայում հոգալու պատերազմից ավերված այս տարածաշրջանի բնակիչներին։ Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ բռնկված քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանք է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում։
Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռեւս խաղաղ ժամանակներում։
Այսօր էլ նա 2016թ. «Ավրորայի» մրցանակակիր Մարգարիտ Բարանիկցեի հետ Գյումրի էր այցելել:
Թոմ Քաթինան նշեց, որ իր համար «Ավրորա» մրցանակաբաշխությունը շատ կարևոր նախաձեռնություն է իր համար, մարդասիրական հարցեր է բարձրացնում և աշխարհին ցույց է տալիս, որ դրանք շատ կարևոր են:
«Եթե Աստված տա, և ես որպես մրցանակի հավակնորդ, հաղթեմ, կկարողանամ ստացած գումարով բարելավել Նուբայի լեռներում բժշկական ծառայությունները: Մեր շրջանում բավականին սուղ են բժշկական ծառայությունները»,- ասաց նա:
Թոմ Քաթինան ուրախալի փաստ համարեց այն, որ հիմա իր փոխարեն աշխատելու երեք հայ բժիշկներ են գնացել Հարավային Սուդան: Հիմա Նուբայի լեռներում իր հաճախորդներին բժշկական ծառայություններ են մատուցում գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը:
«Եթե ես հեռանում եմ Նուբայից, ինչ-որ մեկը պետք է գա ինձ փոխարինելու:Առանց երեք բժիշկների՝ Գևորգի, Հայկի, Արմինեի օգնության, ես չէի կարող գալ այստեղ: Այնտեղի աշխատանքը շատ բարդ է, ես շատ զբաղված եմ, մենակ եմ աշխատում: Ինձ համար մարտահրավեր է սա: Այնպես որ շատ շնորհակալ եմ բժիշկներին, որ ինձ այդ հարցում օգնեցին»,- ասաց նա:










