Թուրքիան վետո է կիրառել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցում
Թուրքիան վետո է կիրառել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցում, ինչի հետևանքով արգելափակվելու է ևս չորս տասնյակ երկրի հետ դաշինքի համագործակցությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որպես պատասխան քայլ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները որոշում են կայացրել փոխել պետությունների միջև համագործակցության գործընթացը՝ թույլ տալով երկկողմ գործընկերությունը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համագործակցությունը կշարունակվի՝ չնայած թուրքական վետոյին:
Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն սերտորեն համագործակցում է ռազմական դաշինքի հետ, օրինակ՝ 400 ավստրիացի զինծառայող տեղակայված է Կոսովոյում:
Վետո կիրառելու մասին թուրքական իշխանությունների որոշման պատճառն Ավստրիայի փորձերն են՝ խոչընդոտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
Ավստրիան դատապարտել է այդ որոշումը՝ այն անվանելով անպատասխանատու:










