ՌԴ-ն ու Թուրքիան գյուղարտադրանքի մատակարարման սահմանափակումների չեղարկման շուրջ բանակցություններ են վարում

17:03 • 24.05.17

Ռուսաստանը և Թուրքիան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների չեղարկման շուրջ բանակցություններ են վարում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:


«Իսկապես, կան սահմանափակումներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը Ռուսաստանից ցորենի ներկրման հարցում Թուրքիայի կողմից կրկին սահմանված սահմանափակումների մասին:


Ընդ որում՝ Պեսկովը նշել է, որ «հայտնի պատճառներով, որոնք մանրամասն բացատրվել են Թուրքիայի նախագահին Սոչիում վերջին շփումների ընթացքում, պահպանվում են որոշ սահմանափակումներ ռուսական կողմից (Թուրքիայից առանձին ապրանքների մատակարարումների նկատմամբ)»:


«Տարվում են բանակցություններ թուրքական կողմի հետ»,- նշել է Պեսկովը:


Հիշեցնենք, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել են առևտրային սահմանափակումների վերացման մասին: